«Ինքնաճանաչում․ Էրեբունի» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ամփոփիչ ցուցահանդեսը կբացվի մարտի 5-ին Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացմանը կհայտարարվեն հաղթողների անունները, որոնց ընտրել է մասնագիտական ժյուրին։
Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը ԳԱԿ-ի ամենամյա նախագծերից է և անցկացվում է 2009 թվականից՝ մեծ ընդունելության արժանանալով ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Մրցույթ-փառատոնի նպատակն աշխարհասփյուռ հայ երեխաներին ու պատանիներին արվեստի շուրջ համախմբելը, հայ մշակույթին ու արվեստին ծանոթացնելը և նրանց ներկայանալու հնարավորություն ընձեռելն է։
Նախագծի շարունակականության շղթան ընդհատվել է 2020-ին համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով, սակայն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, 2021-ից վերականգնել է ավանդույթը՝ նոր ձևաչափով և ընթացակարգով։ Ստեղծագործականին զուգահեռ այն ընդգծված ուսուցողական-կրթական բնույթ է ստացել:
2022 թվականին մրցույթ-փառատոնը նվիրված էր ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և այնտեղ ներկայացված հնագիտական ժառանգությանը: Գեղագիտության ազգային կենտրոնն իր սաների համար 2021-ին նախաձեռնել է համանուն կրթական նախագիծ, որն ամփոփվել է 2022-ի ամռանը՝ հատուկ ցուցադրությամբ։ Հիմնվելով այդ նախագծի փորձի և գրանցած հաջողության վրա՝ ԳԱԿ-ն ընդլայնել է այն՝ ներկայացնելով համահայկական մրցույթ-փառատոնի ձևաչափով։
Մրցույթ-փառատոնին մասնակցել են հայ երեխաներ ու պատանիներ աշխարհի տարբեր երկրներից։ Նրանք վիրտուալ շրջայց են կատարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Այնուհետև թանգարանի մասնագետները երեք օր առցանց դասընթացներ են ացկացրել՝ ծանոթացնելով թանգարանում ներկայացված նյութին և պատմական այդ շերտի մանրամասներին։ Առցանց դասընթացների արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու տպավորությունները մասնակիցներն ամբողջացրել են կերպարվեստի զանազան տեխնիկաներով և արվեստի ժամանակակից ուղղություններով ստեղծված աշխատանքների տեսքով՝ ներկայացնելով պատմական այդ շրջանի սեփական մեկնաբանությունը։
Մասնագիտական ժյուրին ընտրել է լավագույնները, որոնք էլ կներկայացվեն ամփոփիչ ցուցահանդեսի շրջանակում։
Համահայկական մանկապատաներակն նկարչական մրցույթ-փառատոնն իրականացրել են Գեղագիտության ազգային կենտրոնը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ։