(30 ноября 2016) Կոմիտասի անվան թանգարան–ինստիտուտում տեղի ունեցավ «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը» կրթական ծրագիրը։
Երևանում 8-12 տարեկան երեխաները ծանոթանում են Կուտինայի արվեստին, մի բան, որը տարիներ ի վեր չէին իրականացնում Հայաստանում։ Այնինչ ամբողջ աշխարհում Կուտինայի արվեստը վաղուց ուսումնասիրել են ու արժևորել։Կուտինայի հախճապակու օրինակները ներկայացված են այնպիսի հեղինակավոր թանգարաններում, ինչպիսիք են Լուվրն ու Մետրոպոլիտենը։
«Մեծ հավաքածուներում Կուտինայի նմուշներ կան, պահպանվում են, բայց ընդհանրապես ճիշտ ձևով չեն ներկայացված։ Այսինքն` նույն Լուվրում կամ Մետրոպոլիտենում այս նմուշները, չնայած ունեն արձանագրություններ հայերեն լեզվով, խաչեր կամ սերովբեներ են պատկերված, ներկայացվում են որպես իսլամական բաժնի արվեստի նմուշներ»,- ասաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտացուցադրական բաժնի վարիչ Նաիրի Խաչատուրյանը։
Ըստ նրա` այդ ցուցանմուշները պետք է լինեն հայկական արվեստի բաժնում։
Երեխաները ծանոթանում են Կուտինայի արվեստին Այսօր Կուտինայի արվեստին հաղորդակից դառնալու համար Կոմիտասի թանգարան-ինստիտուտ են այցելել 8-12 տարեկան երեխաները, նրանք, ովքեր հետաքրքրված են արվեստով, հատկապես դրա արժեքավոր ու Հայաստանում քիչ ուսումնասիրված ճյուղով
«Ես երեխաներին նախ պատմական ակնարկով ներկայացրեցի Կուտինա քաղաքը, որը նաև Կոմիտասի ծննդավայրն է։ Այնուհետև ներկայացրեցի այդ արվեստի ստեղծումը։ Նախ` նմուշներին ծանոթանալու համար փոքրիկ հարցաթերթիկ պատրաստեցինք, լուսանկարով ներկայացնում ենք նմուշների փոքրիկ հատված, այնուհետև երեխաները պետք է նմուշի գիտական քարտն ամբողջացնեն, այսինքն` տեսակը, դարաշրջանը, ստեղծման ու պահպանման վայրը»,- պատմեց Խաչատուրյանը։
Կրթական ծրագրի մասնակիցների թվում էր Գայանեն։ Նա զբաղվում է նկարչությամբ, իսկ մանրանկարչությունը, հատկապես Կուտինայի արվեստը, բացահայտում էր նրա համար։
«Ինձ հետաքրքրեցին հատկապես գույները, զարդանախշերը։ Եթե նորից նման միջոցառում լինի, սիրով կայցելեմ»,- ասաց Գայանեն։
Կուտինա քաղաքը գտնվում է Արևմտյան Թուրքիայում, այժմ կոչվում է Քյոթահիա։ Մեզ` հայերիս համար այն առավել հայտնի է որպես Կոմիտասի ծննդավայր։ Կուտինայում մարդիկ զբաղվել են խեցեգործությամբ և հախճապակե իրեր պատրաստելով։ Հայերն ու հույներն աշխատել են Կուտինայի արհեստագործական թաղամասերից 34-ում։ Կուտինայում ստեղծված իրերը հիմնականում կիրառվել են հայկական և հունական եկեղեցիներում, նաև օսմանյան մզկիթներում։
Armeniasputnik.am